Լոս Անջելեսում երդվյալ ատենակալները 33-ամյա հայ տղամարդուն մեղավոր են ճանաչել ռեստորանում 50 փամփուշտ արձակելու եւ չորս մարդու սպանության մեջ։

Los Angeles Times-ի փոխանցմամբ, դեպքը տեղի էր ունեցել 2010թ. ապրիլի 3-ին, հիշատակի արարողության ժամանակ։ Ժյուրիի 9 տղամարդ եւ երեք կին անդամները Ներսես Արթուր Գալստյանին մեղավոր են ճանաչել առաջին աստիճանի սպանության երկու դրվագներով, երկրորդ աստիճանի սպանության մեկ դրվագով։  Նրան նաեւ զենքի ապօրինի կրման, բռնի հանցագործությունների եւ սպանության փորձի մեղադրանքներ են առաջադրվել։ Դա հնարավորություն է տալիս դատախազությանը մահապատժի միջնորդություն նեկայացնել ատենակալներին, որոնք այդ հարցով կհավաքվեն արդեն մարտի 28-ին։

Գալստյանը կրակոցներ էր արձակել Hot Spot Mediterranean ռեստորանում։ 25-ամյա Հայկ Եգնանյանը, 31-ամյա Վարդան Թոֆալյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանն ու 28-ամյա Հարութ Բաբուրյանը սպանվել էին։ Եւս երկու անձինք ծանր վիրավորվել էին։ Դավիթ Աղազարյանին 11 գնդակ էր դիպել եւ նա հրաշքով էր կենդանի մնացել։ Վիրաբույժ Ջոզեֆ Բրուջերդին փրկել էր տղայի դեմքը։ 

Հայ ընկերները ռեստորանում իրենց մահացած ընկերոջ հիշատակի արարողությանն էին, երբ մտել էր Ներսես Գալստյանը, վեճ սկսել։ Ապա նա դուրս էր եկել, մեքենայից վերցրել զենքը, վերադարձել եւ կրակոցներ արձակել։  Դատախազի տեղակալ Ջոնաթան Չանգը դատարանում հայտնել է, որ Գալստյանը կրակոցներն արձակել է թիկունքից, վեց անձանց մարմիններից 30-ից ավելի գնդակ է հանվել։ Գալստյանին ձերբակալել էին կարճ ժամանակ անց, Սիեթլում։ Գալստյանի փաստաբանի խոսքով, նա ինքնապաշտպանվել է, իբր Եգնանյանը նրան եւ եղբորը սպառնացել է։ Քննիչների տվյալներով, սպանվածներից մի քանիսը կապ են ունեցել հանցավոր աշխարհի հետ, Թոֆալյանը, օրինակ, 2009թ. փորձել էր զենք վաճառել ծպտյալ գործակալի։