Ճապոնիայի հարավ-արեւմուտքում թունելում տեղի ունեցած խոշոր ավտովթարի, ապա դրան հետեւած հրդեհի հետեւանքով մահացել է երկու, վիրավորվել՝ ավելի քան 60 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վթարը, որի ժամանակ իրար են բախվել 12 մեքենաներ, տեղի է ունեցել Հիրոսիմա պրեֆեկտուրայում 840 մետր երկարություն ունեցող թունելում, տեղի ժամանակով 07.30-ին: Վթարից հետո հրդեհ է բռնկվել, իսկ փրկարարների աշխատանքը բարդացնում էր թունելում մեքենաների խցանումը:

Հրդեհը հնարավոր է եղել մարել 2,5 ժամ անց միայն: Թունելից դուրս է բերվել ավելի քան 70 մարդ: Տուժածները, այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց:

Նրանք հիմնականում թունավորվել են շմոլ գազից: Մայրուղու երթեւեկությունը դադարեցվել է: