Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ֆորումի մասնակիցներին առակ է պատմել այն մասին, թե ինչպես են մարդիկ կառուցում իրենց երջանկությունը: «Երջանկությունը մարդու ձեռքերում է: Այսպիսի առակ կա: Ինչպես հայտնի է, Աստված է կավից ստեղծել մարդուն, մենք բոլորս գիտենք: Եւ ստեղծելուց հետո մի կտոր կավ մնաց: Աստված մարդուն հարցրեց. Քեզ համար ուրիշ ի՞նչ ստեղծեմ: Նա ասաց. Ինձ համար երջանկություն ստեղծիր: Այդ ժամանակ Աստված վերցրեց մի կտոր կավ եւ դրեց նրա ափի մեջ: Այսինքն մարդն ինքն է կառուցում իր երջանկությունը, մարդն ինքն է ստեղծում իր ապագան սեփական աշխատանքով: Երջանկությունը երբ ամեն ինչ ինքդ ես արել, ոչ թե նվեր ես ստացել ինչ-որ մեկից, եւ դա պետք է հիշել», - ասել է Նազարբաեւը, հայտնում է Tengrinews-ը:
Ղազախստանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին դժվար ժամանակներում համերաշխության եւ միասնականության համար: «Անցած քառորդ դարը Ղազախստանի որպես պետության կայացման ժամանակաշրջանն էր: Մենք մեր երկիրը ճանաչելի եւ հարգված դարձրեցինք: Մենք այդ ամենին հասանք մեր փոխադարձ վստահության, եղբայրության եւ բարեկամության շնորհիվ: Դա հատկապես կարեւոր է շատ երկրներում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին: Աճում է դիմակայությունը առաջատար պետությունների միջեւ, չեն մարում հակամարտությունները, պատերազմներ են ընթանում, մարդիկ են զոհվում: Հարյուր հազարավոր փախստականներ ստիպված են լքել իրենց տները, կուտակած ունեցվածքը, իրենց հայրենիքը եւ ապաստան ու օգնություն փնտրել: Իսկ Ղազախստանում խաղաղություն եւ համաձայնություն է իշխում: Դրա համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր սերունդների եւ բոլոր ազգությունների մեր քաղաքացիներին», - ասել է պետության ղեկավարը:





























