Կրեմլում քննադատել են ԱՄՆ-ի նախագահության թեկնածուներից մեկի` հանրապետականների շրջանում նախընտրական մրցավազքի առաջնորդ Դոնալդ Թրամփի նախընտրական տեսահոլովակը, որում օգտագործվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես տեսել եմ այդ տեսահոլովակը, առայժմ ճշգրիտ չգիտեմ` տեսել է արդյոք Վլադիմիր Պուտինը: Դրան բացասաբար ենք վերաբերվում», - հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

Տեսահոլովակում ռուսական առաջնորդի պատկերն օգտագործվում է մի տեսաշարում` զինված ահաբեկչի պատկերից առաջ: Կրեմլի կարծիքով, դա բացասական հակազդեցություն է առաջացնում եւ Ռուսաստանի դեմոնիզացիայի փորձ է: 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի եւ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի դեմոնիզացիան, ցավոք, ամերիկյան նախընտրական արշավի պարտադիր ատրիբուտ է: Մենք միշտ անկեղծորեն ցավում ենք դրա համար եւ ցանկանում ենք, որ ընտրական գործընթացներն անցնեն առանց մեր երկրի վկայակոչման», - ասել է ռուսական նախագահի մամուլի քարտուղարը: