Երեւանում կայացել է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության յոթերորդ փուլը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական Արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների ռազմավարության եւ քաղաքականության իրականացման ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:
Կողմերը քննարկել են դատաիրավական, մասնավորապես քրեակատարողական համակարգի բարեփոխումները, ընտրական գործընթացներն ու ընտրական օրենսդրությունը, քաղաքական ազատության, քաղաքացիական ազատություններին եւ քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր, խտրականության դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանության, ինչպես նաեւ երեխաների իրավունքների եւ գենդերային հավասարության իրավիճակը:
Բանակցություններին անդրադարձ է արվել մարդու իրավունքների պաշտպանության նպատակով պետության կողմից ձեռնարկվող քայլերին եւ Հայաստանի կողմից այս ուղղությամբ հետագա առաջընթացն ապահովելու հանձնառությանը:
Գործընկերներներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել առարկայական համագործակցության հնարավորություններին:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը նշված ուղղություններով համագործակցությունը շարունակելու եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, կրոնական եւ միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծել են Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարեւոր նշանակությունը:
Նշենք, որ Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսությունը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ հաջորդաբար Երեւանում եւ Բրյուսելում:





























