Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգեւների հանձնման արարողության ժամանակ ցավակցություն է հայտնել Սիրիայում զոհված զինծառայողների այրիներին: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:

«Այս դահլիճում են Ելենա Պեշկովան, Վալենտինա Չերեմիսինան, Իրինա Պոզինիչը եւ Յուլիա Ժուրավլյովան՝ մեր ընկերների այրիները, որոնք զոհվել են ահաբեկիչների դեմ պայքարում: Մեր ընկերները մինչեւ վերջ հավատարիմ մնացին երդմանն ու զինվորական պարտքին: Մենք միշտ կհիշենք նրանց խիզախության մասին, այն մասին, որ նրանք իսկական տղամարդ եւ քաջարի մարտիկներ էին»,- ասել է Պուտինը:

Օլեգ Պեշկովը զոհվել է թուրքական կողմի գործողությունների հետեւանքով, որը խոցել էր ռուսական օդանավը՝ Թուրքիայի սահմանի ենթադրյալ խախտման պատճառով: Ալեքսանդր Պոզինիչը զոհվել է Սու-24-ի խոցումից հետո որոնողական գործողության ժամանակ: Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ նաեւ զինծառայող Վադիմ Կոստենկոյի զոհվելու մասին: ՊՆ-ի տվյալներով, նա ինքնասպան է եղել: Կոստենկոյի ճակատագրի մասին Պուտինը մարտի 17-ին չի հիշատակել:

Իվան Չերեմիսինի եւ Ֆյոդոր Ժուրավլյովի զոհվելու մասին նախկինում տեղեկություններ չէին հաղորդվել: Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ Սիրիայում ռազմական խորհրդականի զոհվելու մասին, որի անունը չէր հրապարակվում: