Ամերիկայի ղեկին Դոնալդ Թրամփի հայտնվելն ավելի վտանգավոր է, քան ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալն ու Հարավ-Չինական ծովում ռազմական հակամարտությունը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այսպիսի եզրահանգման են եկել Economist-ի վերլուծաբանները:
Պոտենցիալ գլոբալ սպառնալիքների ցանկում Թրամփի հնարավոր հաղթանակը վեցերորդ տեղում է՝ տնտեսական վնասի տեսանկյունից ջիհադականության աճի հետ նույն հորիզոնականում:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ «միստր Թրամփը չի բացահայտում իր ծրագրի մանրամասները, սակայն ելույթներից արդեն կարելի է եզրահանգումներ անել»: Նրանք առանձնացրել են ԱՄՆ-ի տնտեսական եւ քաղաքական անվտանգության համար Թրամփի ամենից վտանգավոր գաղափարները: Դրանք են՝ Մեքսիկայի եւ Կանադայի հետ ազատ առեւտրի գոտուն դեմ լինելը, ԱՄՆ-ի հարավային սահմանին պատի կառուցումը, երկիր մահմեդականների մուտքն արգելելը եւ այլն:
Economist Intelligence Unit-ի վարկածով գլոբալ 10 սպառնալիքներն են. Չինաստանի տնտեսության դանդաղումը, Ուկրաինայում եւ Սիրիայում Ռուսաստանի միջամտության արդյունքում նոր սառը պատերազմի հնարավորությունը, արժութային անկայունության հետեւանքով զարգացող շուկաներում կորպորատիվ պարտքերի ճգնաժամը, արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությամբ ԵՄ-ի փլուզումը, եվրոգոտու փլուզման հետեւանքով այդ գոտուց Գերմանիայի դուրս գալը, ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, իսլամական ծայրահեղականության աճի հետեւանքով համաշխարհային տնտեսության անկայունությունը, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, Չինաստանի զավթողականության հետեւանքով Հարավ-Չինական ծովում զինված բախումները, նավթային ոլորտում ներդրումների դադարեցման հետեւանքով նավթի գների կոլափսը:





























