ԱՄՆ Կոնգրեսի անդամները կշարունակեն աջակցել Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովմանը, խաղաղության հաստատմանն ու պատմական արդարության վերականգնմանը: Այս մասին մարտի 15-ին ԱՄՆ-ում Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ երկու հայկական պետությունների  խաղաղության պահպանման եւ բարգավաճմանը նպաստելու եւ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին աջակցելու նպատակով կազմակերպված միջոցառմանն իրենց ելույթներում հայտարարել են ԱՄՆ Կոնգրեսի անդամները՝ ընդգծելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել հանձնախմբին՝ միջոցառումը կազմակերպելու համար եւ ընդգծել շարունակական ու միասնական ջանքերի կարեւորությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ, քալիֆորնիական Մոնթեբելոյի քաղաքապետ Ջեկ Հաջինյանը եւ հանձնախմբի միջոցառումներին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը: Միջացառումը վարել է Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանն իր խոսքում անդրադարձել է կենտրոնի գործունեությանը՝ նշելով այդ մարդասիրական ձեռնարկի կարևորությունն Արցախի եւ տարածաշրջանի համար՝ ներկայացնելով կենտրոնի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ կոնգրեսականների գրասենյակների եւ ՀՀ դեսպանության աշխատակիցներ, քրդական եւ եզդիական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ ամերիկահայ համայնքի անդամներ: