Իտալական մաֆիան Հայաստանից Ավստրալիա մետամֆետամինի վաճառք է կազմակերպել: ԱՄՆ-ում նրանց կոչում են «Հինգ ընտանիք»։ Եզրը վերաբերում է Նյու Յորքի մաֆիայի 5 խոշոր կազմակերպված հանցավոր ընտանիքներին, որոնց պատմությունը ԱՄՆ-ում սկիզբ է առնում 1931թ.։ Հոլիվուդի շնորհիվ նրանց անունները հայտնի են դարձել նաեւ Ավստրալիայում՝ Գամբինո, Լուչեսե, Բոնանո, Կոլոմբո եւ Ջենովեզե։ Ավստրալիայում մաֆիան զբաղվում է մետամֆիտամինի վաճառքով։ Այս մասին գրում է The Age ավստրալական պարբերական՝ հոդվածում անդրադառնալով Ավստրալիայում մետաֆմետամինի վաճառքի աղբյուրներին, որոնց հետ կապ ունեն նաեւ հայերը։
2014թ. Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովը հետաքննություն էր սկսել մետամֆիտամիննի վաճառքի աղբյուրները պարզելու համար։
Հանձնաժողովը տեղյակ էր, որ բյուրեղներով մետամֆիտամինի վաճառքով զբաղվող առանցքային կազմակերպությունը կալաբրիական մաֆիան է։
Իտալական մաֆիայի դեմ հետաքննության հետ համագործակցող բժիշկ Սերժիի վկայությամբ՝ Սիդնեյում եւ Մելբուռնում բյուրեղներով մետամֆիտամինի վաճառքը վերահսկում են իտալական ընտանիքները, որոնց օգնում են իսպանացի եւ հայ գործակալները։ Նրա խոսքով՝ Իտալիայի իշխանությունները տեղյակ են եղել այդ մասին։
«Ավստրալիայում մեր հայտնաբերած մետամֆետամինի վաճառքի աղբյուրները հիմնականում կազմակերպել են իտալացիները։ Դրանց ուղին սկիզբ է առնում Հայաստանից, հետո դրանք այնտեղից տեղափոխվում են Բիլբաո, իսկ այդտեղից էլ՝ Եվրոպա։ Հիմնականում դրանք տեղափոխվում են պլաստմասսայից ճամպրուկների մեջ։ Հետո Պրահայից եւ Ֆրանկֆուրտից այդ ճամպրուկներով տեղափոխվում են Ավստրալիա»,- ասել է նա։
Բժիշկը նաեւ հայտնել է, որ իտալացի քննիչները տեղյակ են, որ Հայաստանից Ավստրալիա մետամֆմետամինի վաճառքը կազմակերպում է կալաբրիական մաֆիան, սակայն նրանք չեն կարողացել կասեցնել թմրանյութերի վաճառքը։





























