Գերմանական SAT հայտնի վերլուծական կենտրոնի փորձագետները կասկածում են, որ Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագիրը կարող է կարգավորել միգրացիոն ճգնաժամը: Հատուկ գերմանական Die Welt թերթի համար ընկերությունը վերլուծել է իրավիճակի զարգացման հինգ հնարավոր սցենար: Ամենալավատեսական սցենարի դեպքում մինչեւ 2016թ. վերջը ԵՄ-ում փախստականների թիվը չի գերազանցի 1.8 մլն մարդը, սա նշանակում է, որ Գերմանիայում ներկա 1 մլն-ին կգումարվի եւս 800 հազարը, իսկ վատագույն սցենարի դեպքում փախստականների թիվը կհասնի 6.4 մլն–ի:

SAT-ի մասնագետների կարծիքով՝ կառավարությունները չեն գիտակցում, որ երթուղիներից մեկը փակելով՝ ամբողջ խնդիրը չի լուծվի: «Քանի դեռ Սիրիայի հակամարտությունը չի կարգավորվել՝ փախստականները կարող են նոր երթուղիներ բացել այլ երկրների՝ օրինակ Հյուսիսային Աֆրիկայի կամ Կովկասի միջով»:

Երկրորդ տարբերակը Սիրիայում խաղաղության հաստատումն է,ինչի դեպքում քաղաքական գործիչների կարծիքով փախստականների թիվը կարող է նվազել:Բայց նույնիսկ եթե ամբողջ աշխարհում մի ակնթարթում խաղաղություն հաստատվի՝ միեւնույն է մինչեւ 2016 թ. վերջը Գերմանիա կգա եւս 1.8 մլն մարդ: Տվյալ սցենարի դեպքում քաղաքական գործիչները «բալկանյան երթուղին» փակելու վճռականություն չեն ունենա, ինչից կօգտվեն իրաքցիները ու աֆղանցիները:

Հաջորդ սցենարը՝ Սիրիայում պատերազմը շարունակվում է, իսկ բալկանյան երթուղին էլ մասամբ փակվում, այսինքն դրանով Եվրոպա կկարողանան մեկնել միայն մարտական գոտիներից փախչող իրաքցիներն ու սիրիացիները: Այդ դեպքում մինչեւ տարեվերջ Գերմանիա մոտավորապես 2,3 մլն փախստական կգա, գրում է պարբերականը:

Մինչդեռ սիրիական պատերազմը փախստականների միակ մատակարարը չէ: «Չնայած բալկանյան երթուղին արդեն փակ է, խնդիրներն անխուսափելի են, եթե Աֆրիկայում հայտնվեն չկայացած պետություններ», վստահեցնում է SAT –ի ղեկավար Թոմաս Արցթը: Ընկերությունը չի բացառում նման հեռանկարը, եթե Աֆրիկայում սրվեն սառեցված հակամարտությունները: Ծայրաստիճան լարված է իրավիճակը նաեւ մերձավորարեւելյան երկրներում՝ օրինակ Լիբանանում, Եմենում ու Եգիպտոսում: «Ու եթե սիրիական հակամարտությունը չկարգավորվի, փախստականների այդ հոսքին կգումարվեն նաեւ աֆրիկյան մայրցամաքի բնակիչները»,- վստահ են SAT–ում: Նման սցենարի դեպքում մինչեւ 2016թ. վերջը Գերմանիայում կարող է 3.7 մլն նոր փախստական հայտնվել:

Բայց սա այն դեպքում, եթե բալկանյան երթուղին փակվի ոչսիրիացիների ու ոչիրաքցինեի համար: Իսկ եթե սահմանները բաց մնան, ապա ըստ SAT –ի կանխատեսումների, Գերմանիայում փախստականների ընդհանուր թիվը կարող է հասնել 6.4 մլն –ի, հավելում է Die Welt–ը: