Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի նիստում այսօր՝ մարտի 18-ին, Հայաստանի Կենտրոնական բանկը եւ Գերմանիայի KfW զարգացման բանկը «Միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների էներգախնայողական միջոցառումների ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր են ստորագրել։
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ պայմանագրի ամբողջական արժեքը 20 մլն եվրո է։ Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք ամբողջությամբ կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:
Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողության միջոցառումների վարկավորմանը:
Գործակցության շրջանակում նախատեսվում են նաեւ տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:




























