Հայաստանի անկախության կարեւոր գրավականներից մեկն ազդեցությունների հավասարակշռումն է, եւ այդ առումով ֆրանսիական ազդեցությունը հատուկ տեղ ունի: Այսօր՝ մարտի 18-ին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։
«Իմ կարծիքով, մեր երկու երկրների կրթական ոլորտի համագործակցությունը հենց այս համատեքստում պետք է դիտարկել»,- նշել է նախարարը՝ ընդգծելով Ֆրանսիական համալսարանի դերը մեր կրթական համակարգում: Նա նաեւ ցանկություն է հայտնել ակտիվացնել ֆրանսիական մասնակցությունը կրթական համակարգի բոլոր օղակներում:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության առնչությամբ՝ դեսպան Շարպանտիեն անդրադարձել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային եւ կազմակերպչական մի շարք հարցերի: Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել մեր երկրում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսիական կրթական հաստատության ուղղությամբ գործնական քայլեր կատարելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների համագործակցությանը, զարգացումներին, մարտահրավերներին եւ հեռանկարին վերաբերող այլ հարցեր:





























