Բելգիայի պետքարտուղար Թեո Ֆրանկենը հաստատել է Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի ձերբակալության փաստը: Նա ոտքից վիրավոր է եւ ձերբակալվել է Բրյուսելի Մոլենբեկ շրջանում, որտեղ ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն էր իրականացնում:

«Մենք բռնեցինք նրան»,- Twitter-ի իր էջում գրել է պետքարտուղարը:

RTL հեռուստաալիքի տվյալներով, վիրավոր է եւ ձերբակալվել է նաեւ Աբդեսլամի համախոհը, որի անունն առայժմ հայտնի չէ: Երրորդ ենթադրյալ ահաբեկիչը հատուկ ջոկատայինների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է: Նրանց եւս մեկ համախոհ, ենթադրաբար, գտնվում է «Չորս քամիների» փողոցի տներից մեկում, որտեղ հատուկ գործողություն է անցկացվում:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Աբդեսլամին փնտրում էին շուրջ չորս ամիս: Նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել ֆրանսիական եւ բելգիական ոստիկանությունները: