ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը:

«Չեմ կարող հստակ ժամկետ նշել, բայց ուղեւորությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո (ապրիլի 22)»,- նշել է գործակալության աղբյուրը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հինգշաբթի ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է առաջիկա այցի մասին տեղեկությունը: «Մենք չենք կարող հաստատել դա, բայց հույս ունեմ, որ շուտով այդ առիթով ասելիք կունենանք»,- ասել է նա:

Մարտի 11-ին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հաղորդել էր, որ Բան Կի Մունը պատրաստվում է պաշտոնական այցով երկիր ժամանել: «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է այդ այցի նախապատրաստման ուղղությամբ, դա աշխատանքային գործընթաց է, հստակ ամսաթիվը հայտնի կլինի առաջիկայում»,- ասել էր նա լրագրողներին: