Հունաստանի եւ Մակեդոնիայի սահմանին՝ Իդոմենի քաղաքի շրջակայքում, մակեդոնացի ոստիկանները բախվել են միգրանտների հետ, երբ շուրջ 100 միգրանտներ փորձել են Հունաստանից Մակեդոնիա անցնել:

Իրավապահներն արցունքաբեր գազ եւ լուսաաղմկային նռնակներ են կիրառել, որպեսզի միգրանտներին թույլ չտան անցնել պատնեշից այն կողմ: Ի պատասխան՝ միգրանտները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: Հունական ոստիկանությունն այս ամենին չի միջամտել:

AP-ի տվյալներով, նախօրեին փախստականների ճամբարում լուրեր են տարածվել, որ Հունաստանի եւ Մակեդոնիայի սահմանը բաց է լինելու, ինչից հետո շուրջ 500 միգրանտներ ուղղվել են դեպի սահմանը, սակայն մակեդոնական ոստիկանները թույլ չեն տվել հատել սահմանը:

Ներկայում Իդոմենիի շրջանում ավելի քան 11 հազար միգրանտներ են հավաքվել: