Թուրքիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության 85 կգ քաշային տղամարդկանց պայքարը հայ ծանրորդ Արա Խաչատրյանի համար ավարտվեց  ձախ արմնկային հոդի ծանրագույն վնասվածքով: Ծանրամարտի համար կարելի է ասել ոչ այնքան բացառիկ իրավիճակ:

Սակայն բացառիկ էր թուրքական պետական TRT հեռուստաընկերության հեռարձակման կազմակերպիչների ցուցաբերած հեռուստատեսային էթիկայի կոպիտ խախտումը` ամբողջ աշխարհին խոշոր պլանով ցուցադրելով, թե ինչպես է ցավից գալարվում հայ մարզիկը: Ընդունված կարգ է նման իրավիճակներում անմիջապես անցնել հեռուստատեսային ընդհանուր  պլանի, ինչը, ընդհանրապես, թուրքերը չարեցին: Բացի այդ, աշխարհի առաջնության կազմակերպիչները չէին նախատեսել նման իրավիճակներում սովորաբար կիրառվող հատուկ վահաններ ունենալու անհրաժեշտությունը:

Ամբողջ աշխարհը հիշում է Պեկինի Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային հունգարացի ծանրորդ Յանոշ Բարանյայի նման վնասվածքի պահը: 24-ամյա ծանրորդը աջ արմունկի վնասվածք ստացավ եւ անհաջող ծանրաձողը գցեց մեջքին: Այժմ համեմատեք երկու նույնանման իրավիճակների հեռուստատեսային մատուցումը` թուրքերի եւ չինացիների կողմից: