Ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի երթուղային ավտոբուսը: 15-րդ թաղամասից Նոր Նորք ուղեւորվող ավտոբուսը պայթել է ժամը 21:45-ին: Ավտոբուսում դեպքի պահին 9 ուղեւոր է եղել: Նրանցից երկուսը մահացել են տեղում, 7-ին տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վարորդին, որը համեմատաբար թեթեւ վնասվածքներ էր ստացել, տարվել է ոստիկանություն: Պայթյունից կարճ ժամանակ անց հերքվեց տեխնիկական անսարքության եւ գազի պայթյունի վարկածը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ պայթունը եղել է ավտոբուսի աջ մասում նստած ուղեւորի մոտ: Դրանից անմիջապես հետո հասարակությունում սկսեց շրջանառվել ահաբեկության վարկածը, որը սակայն ավելի ուշ հերքեց Գլխավոր դատախազությունը: Գիշերը մինչեւ ժամը 4-ը դեպքի վայրում քննչական գործողություններ էին կատարվում: Կեսօրին հրապարակվեց պաշտոնական վարկածը: Դեպքի վայրում հայտնաբերվել էին «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր: Նույն նյութից, ինչպես նաեւ պայթուցիչ սարքեր և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ հայտնաբերվել էին պայթյունի ենթադրյալ մեղավոր, Ձորաղբյուրի բնակիչ Ռուբեն Բալյանի տան խուզարկության արդյունքում: Ենթադրյալ մեղավորը երկու զոհերից մեկն է: Մյուսը 37-ամյա Արմեն Հովհաննիսյանն է:
Ռուբեն Բալյանին դեպքից մի քանի ժամ առաջ տեսել էին մոր տանը: Հարեւանները նրանց բնակարանից վիճաբանության ձայներ են լսել: Ռուբեն Բալյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Քննիչների նախնական վարկածով՝ Ռուբենը պատրաստվում էր պայթեցնել իր ազգականներին:Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Պայթյունից փշրվել էին հարեւանությամբ գտնվող շենքի բնակարաններից մի քանիսի ապակիները: Վիրավորներից երեքը դեռահասներ են, «Թումո» կենտրոնի սաներ: 14-ամյա Անահիտն անմիջապես վարորդի հետեւում է նստած եղել: Ուշքի գալուց հետո նրան առաջինը օգնել է կողքին նստած տղան, ապա պատուհանից հանել են անցորդները:
15-ամյա Էդգարը պայթյունի պահին ծնողների հետ խոսելիս է եղել: Էդգարն ու նրա ընկերը՝ Ռոլանդը, որի հետ միասին տուն էին վերադառնում «Թումոյից», ամենաշատն են տուժել: Ենթադրվում է, որ նրանք ամենամոտն են նստած եղել պայթյունի վայրին: Տղաներին վիրահատել են, նրանց վիճակն այժմ կայուն է: Երկուսն էլ ունեն բեկորային վնասվածքներ եւ այրվածքներ:
Պայթյունի տուժածներից 37-ամյա Անուշը հրաշքով պահպանել է 19 շաբաթական հղիությունը: Բժիշկներն այժմ խիստ վերահսկողության տակ են պահում կնոջը: Անուշը թոքերի սալջարդ ունի, սակայն այս պահին ավելի կարեւոր է հետեւել, որպեսզի նա սթրեսից հետեւանքով չկորցնի պտուղը: Անուշը միայն հիվանդանոցում հետազոտվելուց հետո է իմացել, որ տղա է ունենալու:
45-ամյա Հարությունն ավտոբուս նստելուց հետո ամբողջ ընթացքում վատ կանխազգացում է ունեցել: Նրա մոտ ախտորոշվել է գլխի սալջարդ, ուղեղի ցնցում, ականջի վնասվածք:
Ավտոբուսի վարորդը՝ 50-ամյա Սուրեն Ստեփանյանը որեւէ կասկածելի բան ուղեւորների մոտ չէր նկատել: Ճակատի թեւթեւ վնասվածք է ստացել, պայթյունի շոկից դուրս գալուց հետո անմիջապես կանգնեցրել է ավտոբուսը, իջել է ու անցորդների հետ օգնել է ուղեւորներին դուրս բերել:
Առաջին պաշտոնանկությունները՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ապրիլի 26-ն Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: Նույն օրը նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Պաշտոնից ազատվել է նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:
Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գոտում հակառակորդը բազմիցս խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները եւ զրահատեխնիկա: Մարտական հենակետերից բացի, հակառակորդը «Գրադ» կայանքից արկակոծել է Մարտակերտ բնակավայրը: Քաղաքում վնասվել են տներ եւ խանութներ, խաղաղ բնակիչներ չեն տուժել, նրանք պաստսպարվել են ապաստարաններում:
Հրետանային կրակ են բացել նաեւ Մատաղիսի ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների հետևանքով զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ 24-ամյա Տիգրան Պողոսյանը եւ 44-ամյա Արամ Առուշանյանը: Պաշտպանության բանակը դիմել է կանխարգելիչ քայլերի, թիրախային հարվածներ հասցրել նրա առաջնային դիրքերին ու կրակային հենակետերին` պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի նշանակալի կորուստներ:
Իջեւանի զորամասերից մեկի կրակային դիրքում ապրիլի 25-ին, ժամը 20:15-ին, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դին: Հովհաննեսի մարմինը գտել են գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի մեքենայի թափքում: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով սկսվել է քննություն:
Ապրիլի 26-ին բոլոր հիմնական արտարժույթների փոխարժեքները աճել են: Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 479, եվրոյինը 541, բրիտանական ֆունտինը ՝ 697, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.22 դրամ:
Երեւանում ապրիլի 27-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև +16, իսկ վաղը ցերեկը՝ մինչև +27 աստիճան տաքություն։











