Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետեւանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր տուժածների վիճակը այսօր՝ ապրիլի 26-ին, առավոտյան ժամը 10-ի դրությամբ գնահատվում է կայուն: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքով, տուժածների բուժօգնությունը համակարգում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով պատահարից րոպեներ անց տեղում կազմակերպել է բոլոր աշխատանքները, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: «Հանրապետության գլխավոր եւ առաջատար մասնագետների ներգրավվածությամբ նախարարը տուժածների առողջական վիճակը գնահատելու նպատակով պարբերաբար հրավիրվել է բժշկական կոնսիլիումներ:
Վիրահատված 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցութան, սակայն մեկը դեռեւս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում են վերականգնողական եւ պլաստիկ կրկնակի վիրահատություններ:
Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր եւ բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները եւ բժշկական միջամտությունները, նրանք գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո: Տուժածներից մեկը` 37-ամյա հղի կին է, որի կյանքին եւ պտղին վտանգ չի սպառնում: Նա հսկվում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի կողմից:
Հիվանդներն ապահովված են անհրաժեշտ դեղերով եւ բժշկական պարագաներով»,- նշել է Հայթայանը:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։
Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կան 2 զոհ, որոնց ինքնությունը ճշտվում է:
Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:





























