Ադրբեջանը շարունակում է պարգեւատրել եւ ազգային հերոս հռչակել մարդասպաններին: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանը հայտարարել է մայիսի 4-ին Պրահայում ԵՄ «Արեւելյան գործընկերության» եւ Վիշեգրադյան քառյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
Նրա խոսքով, վերջին ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորականները գլխատեցին հայ զինծառայողներին: Ավելի ուշ այդ զինվորներից մեկը պարգեւատրվեց Ադրբեջանի նախագահի կողմից:
Նալբանդյանը նկատել է, որ ՄԱԿ-ի կողմից հենց 4 բանաձեւ է ընդունվել, որոնց մասին մշտապես խոսում է իր ադրբեջանցի պաշտոնակիցը, քանի որ Ադրբեջանն ամեն անգամ մերժում էր փաստաթղթերը: «Չորս բանաձեւերն ընդունվել են՝ նպատակ ունենալով դադարեցնել բռնությունը»,- նշել է Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն այդպես էլ չի կատարել իր պարտավորությունները:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ 1994 եւ 1994 թվականների համաձայնագրերը ժամանակային սահմանափակումներ չունեն ու պետք է իրականացվեն նաեւ այսօր: Նա նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին եւ ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված ադրբեջանցի դիվանագետների նամակներին, որոնք փորձել են ներկայացնել, որ 1994 եւ 1995 թ.թ. համաձայնագրերը կորցրել են ուժը: «Սակայն Ադրբեջանից իմ պաշտոնակիցը համանախագահներին հայտարարեց, որ այդպիսի հանձնարարություն չի տվել, եւ դիվանագետները գործել են սեփական նախաձեռնությամբ»,- հավելել է Նալբանդյանը:
Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ նպատակ ունենալով բանակցությունների վերականգման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, երաշխավորել, որպեսզի ապրիլի սկզբի իրադարձություններն այլեւս չկրկնվեն, ինչպես նաեւ իրականացնել միջնորդների առաջարկները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծել եւ ամրապնդել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մանդատը:











