ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 11-ին Եգիպտոսի նախաձեռնությամբ ծախրահեղական գաղափարախոսության տարածմանը հակազդելու հարցով նիստ է գումարել: ԱԽ-ն մտադիր է մինչեւ 2017 թվականի ապրիլի 30-ը ահաբեկչական կազմակերպությունների կողմից քարոզչական արշավի անցկացման եւ համացանցի ու սոցցանցերի միջոցով համախոհների հավաքագրման դեմ պայքարի միջոցներ մշակել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին իր ելույթում հիշեցրել է վերջերս Կահիրեում ոստիկանների վրա ահաբեկիչների հարձակման եւ Բրյուսելի ահաբեկչությունների մասին: ԱԽ անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:

ԱԽ անդամները միաձայն ընդունված հայտարարությունում նշել են, որ «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումները խեղաթյուրված փաստեր պարունակող քարոզչական նյութեր են տարածում, որոնք հիմնված են կրոնի սխալ մեկնաբանման եւ ներկայացման վրա՝ նպատակ ունենալով արդարացնել բռնությունը, ինչպես նաեւ կողմնակիցների, օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրել եւ աջակցություն ստանալ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնն առանձնահատուկ անհանգստություն է հայտնել երիտասարդների վրա ահաբեկչական քարոզչության ազդեցության առնչությամբ: