ԻՊ ահաբեկչական խմբավորումը Սիրիայում եզդի ազգության հանդեպ ցեղասպանություն է իրականացրել, մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններ, ասված է ՄԱԿ-ի Սիրիայի վերաբերյալ հետաքննության անկախ հանձնաժողովի զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանին ներկայացված զեկույցը հիմնված է 45 հարցազրույցի վրա այն մարդկանց հետ, ովքեր ողջ են մնացել ԻՊ-ին գերի ընկնելուց հետո` կրոնական գործիչների, ակտիվիստների, մաքսանենգ առեւտրականների, իրավաբանների, լրագրողների եւ բուժանձնակազմի:
«ԻՊ-ը ցեղասպանության հանցագործություն է կատարել, ինչպես նաեւ մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններ եզդիների դեմ, որոնցից հազարավորները Սիրիայում գերի են ընկած եւ աներեւակայելի սարսափների են ենթարկվում», — ասված է փաստաթղթում:
Դրանում ասվում է, որ ԻՊ-ի գրոհայինները ոչնչացրել են եզդիներին` նրանց սպանելով, սեռական եւ սովորական ստրկության ենթարկելով, խոշտանգելով եւ բռնի տեղահանելով, դրանով նրանց ֆիզիկական վնասվածքներ հասցնելով եւ նրանց մտավոր խանգարման պատճառ դառնալով: Բացի այդ, ահաբեկիչները եզդիների համար այնպիսի պայմաններ են ստեղծել, որոնց պարագայում մարդիկ դանդաղորեն մահացել են, խոչընդոտել են նրանց մոտ երեխաների ծննդին, նրանց ստիպել են իրենց կրոնն ընդունել, նրանց երեխաներին զինվորագրել են իրենց բանակին` դրանով ոչնչացնելով նրանց եզդիական ինքնագիտակցությունը:
«ԻՊ-ի հանրային ելույթները եւ նրա զինվորների պահվածքը հստակորեն ցույց է տալիս, որ խմբավորումը մտադրվել էր ոչնչացնել Սինջարի եզդիներին, որոնք աշխարհում եզդի բնակչության մեծամասնությունն են կազմում` ընդհանուր առմամբ կամ մասնակիորեն», — նշված է զեկույցում:
ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալներով, ներկայումս ԻՊ-ի գրոհայիններին գերի է ընկած մոտավորապես 3200 եզդի կին եւ երեխա: Կանայք սեռական ստրկության մեջ են, իսկ երեխաներին օգտագործում են ռազմական գործողություններում: Միաժամանակ հազարավոր եզդի տղամարդիկ եւ տղաներ անհետ կորել են:
«Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է», — ընդգծում են ՄԱԿ-ում:
Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի հանձնաժողովը Անվտանգության Խորհրդին կոչ է արել Սիրիայում իրավիճակի քննությունը շտապ փոխանցել Միջազգային քրեական դատարանին կամ էլ հատուկ դատարան ստեղծել համապատասխան աշխարհագրական եւ ժամանակային իրավասություններով:





























