Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի՝ ավտովթարի ենթարկվելու պատմությունը խորհրդավորությամբ է պատված։ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած վթարի մասին պաշտոնական տեղեկատվությունն ամբողջական չէ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Յուրի Վարդանյանը ինքն է վարել մեքենան եւ մենակ է եղել։ Մինչդեռ, ըստ ականատեսների, մեքենայում եղել է ուղեւոր, որը վթարի ժամանակ նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել՝ կոտրվել է կրնկոսկրը։ Սակայն մեզ համար անհասկանալի պատճառներով այդ հանգամանքը խնամքով թաքցվում է։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը վթարի է ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրի վրա, ստացել է ազդրի եւ սրունքի կոտրվածքներ։ Այժմ նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղից թերթին հայտնել են, որ Յուրի Վարդանյանի առողջական վիճակը մտահոգությունների տեղիք չի տալիս։