Հակասեմականությունը կամ հրեա ժողովրդի հանդեպ թշնամությունը ատելության հնագույն, ամենատարածված եւ սարսափելի ձեւերից մեկն է:  Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Հակասեմականության գլոբալ խնդրի վերաբերյալ բարձր մակարդակի ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում:   

Նրա խոսքով, չնայած պատմության դասերին եւ Հոլոքոստի սարսափներին, հրեաներն առաջվա պես հարձակումների են ենթարկվում,  «նրանց սպանում են կամ ծաղրի են ենթարկում միայն նրա համար, որ նրանք հրեա են»: ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ կրոնական պատկանելիության կամ հավատի հիման վրա մարդկանց նկատմամբ բռնությունը ՄԱԿ-ի հիմնական արժեքների կոպիտ ոտնահարում է: Նա հավելել է, որ մոլեռանդության նման դրսեւորումը ժամանակակից աշխարհում ամենալուրջ սպառնալիքներից է: 

Բան Կի Մունը հիշեցրել է, որ պատմությունն արդեն ոչ մեկ անգամ ապացուցել է, որ նա, ով այսօր ոտնձգություն է կատարում փոքրամասնության նկատմամբ, վաղը կարող է ինքը նման ոտնձգության զոհ դառնալ: Նա կոչ է արել միջազգային ամբողջ հանրության ջանքերը միավորել բոլոր մարդկանց համար խաղաղ գոյակցություն եւ արժանապատիվ կյանք ապահովելու համար: