Վերջին շրջանում թուրքական կողմը հանրության համար պատրանք ստեղծելու երկու քայլ է ձեռնարկել: Դա «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդի կողմից հայ-թուրքական սահմանի անցումն է եւ իտալական Limes շաբաթաթերթին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի տված հարցազրույցը: Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա նշել է, որ Գյուլն իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանն ու Թուրքիան շարունակում են գաղտնի դիվանագիտական հարաբերությունները, եւ գործընթացը սառեցված չէ: Տվյալ դեպքում, թուրքական կողմը քաղաքական մակարդակով ցույց է տալիս, որ Անկարան շահագրգռված է հայ-թուրքական կարգավորման մեջ: «Այսինքն, պատրանք է ստեղծվում, թե թուրքական հասարակությունը գիշեր-ցերեկ մտածում է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ստեղծման մասին»,- ասել է Սաֆարյանը՝ Թուրքիայի այս քայլերը Արեւմուտքին հղած ուղերձներ համարելով:

Բացի այդ, ըստ պատգամավորի, Գյուլը բազմանշանակ ուղերձներ է հղում Վաշինգթոն եւ Բրյուսել այն մասին, թե պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը: Սաֆարյանի կարծիքով, ստեղծված իրավիճակն այնքան երկիմաստ է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե կհավատա՞, արդյոք, միջազգային հանրությունը հայկական կողմին, թե ուշադրություն կդարձնի թուրքերի գործողություններին: