ԱՄՆ-ն կարող է փորձել անկայունության հետեւում թաքցնել այն, որ չի վերահսկում Սիրիայում տիրող իրադրությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

«Այստեղ նման շրջադարձ է հնարավոր. հերթական անկայունության հետեւում թաքցնել այն, որ նրանք չեն վերահսկում իրադրությունը: Բայց դա չի նշանակում, որ իրադրությունը կզարգանա ավելի քաոսային կերպով: Այսինքն՝ պահը, իհարկե, չափազանց պատասխանատու է»,- Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Չուրկինը:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի օդանավերը չորս հարված են հասցրել Դեր Զորում ԻՊ-ի զինյալների դիրքերի շրջակայքում գտնվող սիրիական զորքերի ուղղությամբ: 62 զինծառայող է սպանվել, շուրջ 100 վիրավոր կա:

ԱՄՆ-ն հաստատել է ավիահարվածների փաստը: Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք վստահ էին, որ ռմբակոծում են «Իսլամական պետության» դիրքերը, իսկ երբ հայտնաբերեցին սխալը, դադարեցրեցին գործողությունը: