ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի եւ ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերի համար հետաքրքիր չի եղել միմյանց լսել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հանդիպման մեկնարկից առաջ, երբ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն արդեն խորհրդակցությունների սրահում էր, ԱՄՆ-ի ներկայացուցիչը զրուցել է լրագրողների հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու Ռուսաստանի նախաձեռնությունը «ցինիկ եւ երեսպաշտական քայլ» անվանելով:

Չուրկինն իր հերթին լրագրողներին հաղորդել է Փաուերի «տարօրինակ» պահվածքի մասին:

«Երբ խորհրդակցությունը սկսվեց, ես մտահոգություններս ներկայացրեցի Խորհրդի անդամներին, բայց պարզվեց նա դուրս է եկել՝ լրագրողների հետ զրուցելու, եւ առանց ինձ լսելու սկսել է քննադատել ու հայհոյել Ռուսաստանին, նույնիսկ մեզ դատապարտել նիստ գումարելու համար»,- ասել է նա:

Շաբաթ երեկոյան Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել սիրիական զորքերի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից հետո. հարձակման զոհ է դարձել 62 զինվորական, շուրջ 100 վիրավոր կա: