Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում մեկնարկել է փախստականների եւ միգրանտների հարցով գագաթնաժողովը: Նիստի սկզբին գագաթնաժողովի մասնակիցները հավանություն են տվել Նյույորքյան հռչակագրին, որը նախատեսում է պատերազմից, բռնությունից, տարերային աղետների հետեւանքներից, աղքատությունից եւ սովից փրկվելու համար հարկադիր փախստականների պաշտպանության միջոցառումներ:
«Մենք հայտարարում ենք մեր համերաշխության մասին աշխարհի տարբեր հատվածների միլիոնավոր մարդկանց հետ, որոնք իրենց կամքից անկախ պատճառներով հարկադրված են իրենց ընտանիքներով հանդերձ լքել իրենց բնակավայրերը, եւ նրանց մեր աջակցությունն ենք հայտնում»,- նշված է Նյու Յորքի գագաթնաժողովում ընդունված փախստականների եւ միգրանտների մասին Նյույորքյան հռչակագրում:
Հռչակագրում անդամ երկրները խոստացել են ապահովել բոլոր փախստականների եւ միգրանտների իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրանց կարգավիճակից: Նրանք, առաջին հերթին, մտադիր են հասնել փախստականների եւ միգրանտների հայրենիքներում պայմանների բարելավմանը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն այն լքել: Փաստաթղթի դրույթների իրականացումը թույլ կտա լավացնել պայմանները սահաններին փախստականների եւ միգրանտների ընդունման ժամանակ եւ նրանց ընդունող երկրներում:
2015 թվականին միգրանտների թիվը 244 մլն մարդուց ավելի է եղել: Գրեթե 65 մլն մարդ հարկադիր ներգաղթյալներ են. դա մոտ 21 մլն փախստական է, ապաստան փնտրող 3 մլն մարդ, 40 մլն ներքին տեղահանվածներ:
«Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը փախստականների եւ միգրանտների հանդեպ: Մենք պետք է նրանց հետ խոսենք: Մեր խոսքն ու երկխոսությունն անչափ կարեւոր են: Այդ նպատակով ՄԱԿ-ն այսօր մեկնարկում է «Միասին. հարգանք, անվտանգություն եւ բոլորի համար արժանապատվության ապահովում» արշավը»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա համաշխարհային առաջնորդներին կոչ է արել միանալ այդ արշավին եւ խոստանալ, որ կապահովեն այն բոլոր մարդկանց իրավունքները, որոնք այս կամ այն պատճառով հարկադրված են եղել լավ կյանքի փնտրտուքով լքել իրենց բնակավայրերը:
Հռչակագրում ՄԱԿ անդամ երկրները քննադատել են ռասիստական հարձակումներն ու ռասիզմի դրսեւորումները, ռասայական խտրականությունը, այլատյացությունը եւ դրա հետ կապված փախստականների եւ միգրանտների հանդեպ անհանդուրժողականությունը: Պետությունների եւ կառավարությունների առաջնորդները հայտարարել են, որ «բազմազանությունը ցանկացած հասարակությանը հարստացնում է եւ նպաստում սոցիալական համախմբվածությանը»:





























