ՄԱԿ-ը 28,2 մլն ԱՄՆ-ի դոլար է խնդրել` օգնելու Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ջրհեղեղից տուժած բնակիչներին: Հորդառատ անձրեւների առաջացրած տարերային աղետը երկրի հյուսիս-արեւելքին հարվածել է այս ամսվա սկզբին:
Պահանջված միջոցները նախատեսված են առաջիկա վեց ամսվա ընթացքում 600 հազար մարդու օգնություն տրամադրելու համար: Խոսքը Համգեն նահանգի բնակչության մասին է: ՄԱԿ-ի աշխատակիցները իրենց գործընկերների հետ միասին մտադիր են տուժածներին ապահովել ժամանակավոր ծածկով, պարենով, բժշկական օգնությամբ, մաքուր ջրով եւ կրթության հասանելիությամբ:
Նահանգում հորդառատ անձրեւները տեղացել են օգոստոսի վերջին` «Լայոնրոկ» թայֆունի անցնելու ժամանակահատվածում: Ջրհեղեղի հետեւանքով ավերվել կամ վնասվել է 30 հազար շինություն, ճանապարհներ եւ կամուրջներ: Տարերային աղետը 138 մարդու կյանք է խլել: Մոտ 400 մարդ անհետ կորած է համարվում: Նահանգի 140 հազար բնակիչ շտապօգնության կարիք ունի:





























