Եթե անգամ կառավարությանը հաշվետու ազատ շուկայի, ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքներն «այնքան էլ կատարյալ» չեն թվում, դրանք ընկած են «մարդկության առաջընթացի» հիմքում: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի անդամների առջեւ ունեցած ելույթում այս  մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նա հանդես է եկել ի պաշտպանություն փախստականների եւ միգրանտների՝ հայտարարելով այլատյացության անթույլատրելիության մասին: Օբամայի խոսքով՝ իրենց շուրջը պատեր կառուցող պետություններն «իրենց կամավոր բանտարկության են դատապարտում»: Նա, միաժամանակ, քննադատել է ագրեսիվ ազգայնականությունն ու քաղաքական պոպուլիզմը:

«Մենք պետք է մերժենք ֆունդամենտալիզմի, ռասիզմի ցանկացած ձեւ, որոնք կապված են էթնիկական գերակայության շուրջ հավատի հետ: Դա հակասում է ժամանակակից քաղաքակրթության պահանջներին: Մենք պետք է հանդուրժողականություն ցուցաբերենք բոլոր մարդկանց արժանապատվության հանդեպ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Անդրադառնալով միջազգային անվտանգության հարցերին՝ Օբաման «տագնապալի» է կոչել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումների մասին հաղորդագրությունները, նաեւ հայտարարել, որ Իրանի հետ համաձայնությունը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարին: