ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին կայացած հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ համաշխարհային առաջնորդներին հյուրասիրել է սաղմոնի ձկնկիթ «մուշտակի տակ», հորթի միս սնկի սոուսով, իսկ որպես աղանդեր շոկոլադե կարկանդակներ: Բարձրաստիճան հյուրերին մատուցել են երեք տեսակի ընտիր գինի, հայտնել են ՏԱՍՍ-ին գլխավոր քարտուղարի գրասենյակից:
Պետության, կառավարությունների ղեկավարները ու արտգործնախարարները հավաքվել էին ՄԱԿ-ի շտաբ բնակարանի կոնֆերենց կենտրոնի չորրորդ հարկում գտնվող դահլիճում: Գլխավոր սեղանի շուրջ նստած էր Բան Կի Մունը, նրա աջ կողմում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ ձախ կողմում ՝ Չիլիի նախագահ Միշել Բաչելետը:
Այնուհետեւ ժամացույցի սլաքի ուղղությամբ տեղավորվել էին Հորդանանի թագավոր Աբդալլա երկրորդը, Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուխարին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Կոտ Դիվուարի նախագահ Ալասսանա Ուատտարուն, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Տանին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ չորրորդը ու Թունիսի նախագահ Բեժի Կաիդ էս Սեբսին: Կլոր սեղանի մոտ Պաղեստինի նախագահին հատկացված տեղը դատարկ էր մնացել:
Ճաշկերույթին հիմնական կերակրատեսակը հորթի միսն էր սնկի սոուսով, ծաղկակաղամբի խյուսը Գրյույեր պանրով ու տերեւավոր բազուկից պատրաստված աղցանը՝ շալոտ սոխից պատրաստված կոնֆիով: Որպես աղանդեր մատուցեցին տերրին՝ ընկույզի մուսսով ու ազնվամորիի մուրաբայով, նաեւ մանգոյի միջուկից գնդիկներ: Բան Կի Մունի հյուրերին հերթով առաջարկում էին կալիֆորնիական «Շարդոն», իսպանական «Ռյոխա» կարմիր ու իտալական մուսկատի սպիտակ գինի, նաեւ սուրճ ու թեյ:
Ճաշկերույթը ավանդաբար սկսվեց գլխավոր քարտուղարի ողջույնի խոսքով:





























