ՄԱԿ-ի իրավապաշտպանների վիճակի վերաբերյալ հատուկ զեկուցող Միշել Ֆորստը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերանայել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ռեպրեսիվ մոտեցումը: Այդ մասին նա հայտնել է այդ երկիր իր այցի ավարտին: 

«Վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հետ կապված իրավիճակն այդ երկրի կողմից անկախության ձեռքբերումից ի վեր վատագույն մակարդակի է հասել», - հայտնել է հատուկ ներկայացուցիչը: Նրա խոսքով, հասարակական կազմակերպությունների տասնյակ ղեկավարներ եւ աշխատակիցներ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները հետապնդման եւ վարչական պատիժների են ենթարկվում:  Իշխանությունները կալանքի են առնում նրանց բանկային հաշիվները, նրանց արգելում են մեկնել երկրից, ինչպես նաեւ նրանց հարկային հսկայական տուգանքների են ենթարկում:   «Առնվազն 20 լրագրող եւ բլոգեր այս կամ այն չափով պատժվել է քննադատական հայացքներ արտահայտելու համար, իսկ զանգվածային լրատվության անկախ միջոցները դրա համար արտոնագրից են զրկվել», - նշել է Ֆորստը:

Իր ելույթում Հատուկ զեկուցողը նաեւ նշել է հավաքների ազատության սահմանափակումները, այդ թվում` բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցներին ցրելու համար ուժի կիրառությունը:  Նա մարդկանց վրա ճնշում գործադրելու առնվազն   45 դեպք է փաստագրել. այդ մարդիկ մտադիր էին մասնակցել Բաքվում սեպտեմբերի  17-ի հանրահավաքին: Ակցիան կապված էր Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հետ: Այն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Հատուկ զեկուցողը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ականջալուր լինել միջազգային կառույցների խորհուրդներին եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմ ներդնել:  Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ գործընթացում: Միշել Ֆորստն իր ամփոփիչ զեկույցը Մարդու իրավունքների խորհրդի անդամներին կներկայացնի եկող տարվա մարտին: