Մարդու իրավունքների հարցերով միջազգային փաստաբան Ամալ Քլունին ցանկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատասխանատվության կանչել միջազգային դատարանում ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանություն իրականացնելու համար: Քլունին, որը ներկայացնում է ԻՊ-ին գերի ընկած եզդի աղջիկ Նադիա Մուրադի շահերը, ՄԱԿ-ին հանդիմանել է եզդիների վրա ԻՊ-ի հարձակումը կանգնեցնելու անկարողության համար: 

«Ես, որպես ՄԱԿ-ի կողմնակից, ամաչում եմ, որ պետությունները չեն կարողանում կանխել ցեղասպանությունը կամ պատժել, որովհետեւ առաջնորդվում են սեփական շահերով: Ես, որպես իրավաբան, ամաչում եմ արդարադատության բացակայության եւ դրա հետ կապված հազվագյուտ բողոքների համար:  Ես, որպես կին, ամաչում եմ, որ Նադիայի նման աղջկան վաճառում են եւ օգտագործում որպես մարտադաշտ:  Սարսափելի է լսել    11-12 տարեկան աղջիկների ցուցմունքներն այն մասին, թե իրենց ինչ է պատահել` հասկանալով, որ մենք ոչինչ չենք անում: Ես կուզեի ասել, որ ինձ համար պատիվ է գտնվել այստեղ, բայց ես, որպես մարդ, ամաչում եմ, որ մենք անտեսում ենք նրանց օգնության աղաղակները», - ասել է Քլունին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում:

Նրա խոսքով, ցեղասպանությունը հենց այնպես չի լինում:  «Եթե մենք չհակազդենք ցեղասպանությանը, ուրեմն ի՞նչը մեզ կստիպի գործել: Եթե մենք չկանգնեցնենք ԻՊ-ին, ուրեմն մենք բոլորս` իրավաբաններ, դիվանագետներ, պաշտոնյաներ, պետք է ամաչենք», - նշել է նա: Քլունիի խոսքով, Նադիա Մուրադը չի կարողանա ապրել սեփական կյանքով, մինչեւ չհամոզվի, որ ԻՊ-ը պատժվելու է: