ՄԱԿ-ն ու Իրանի միջուկային համաձայնագրի բոլոր մասնակիցները պետք է օգնեն ամրապնդել այդ համաձայնագիրը, որը երկխոսության եւ համագործակցության խորհրդանիշ է, այլ ոչ տարաձայնությունների: Irna-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նա նշել է, որ համաձայնագիրը երկխոսության եւ դիվանագիտության ուժը ցուցադրելու լավ հնարավորություն է ընձեռում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի համար հիմք ստեղծում՝ կարեւոր դեր խաղալու վիճելի հարցերում: «Համաձայնագրի կնքումից հետո պետք է համագործակցության մթնոլորտ լինի: Եթե կողմերից մեկն ամբողջությամբ կատարում է իր պարտականությունները, իսկ մյուս կողմը միայն ձգձգում, դա վնաս է հասցնում համաձայնագրի իրականացմանը»,- ասել է նա:

Հասան Ռոուհանին անդրադարձել է նաեւ Սիրիայում եւ Եմենում իրադարձությունների զարգացմանը: Նրա խոսքով՝ Եմենում հարձակումներն ու ռազմական հանցագործություններն անհանգստություն են առաջացնում: Իրանի նախագահի համոզմամբ՝ ՄԱԿ-ը պետք է որոշակի ճնշում գործադրի՝ իրադրությունը կարգավորելու համար:

Նա նաեւ նշել է, որ Թեհրանը պատրաստ է կառուցողական դեր կատարել սիրիական ճգնաժամի լուծման գործում: