Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջարկել է 2017 թվականը հռչակել Իսրայելի կողմից «պաղեստինյան հողերի բռնազավթման ավարտի տարի»: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթում Աբբասը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել արգելել Պաղեստիկանում հրեական բնակավայրերը՝ խոստանալով առաջիկայում բանաձեւի նախագիծ ներկայացնել:

Նա նաեւ Մեծ Բրիտանիային կոչ է արել ներողություն խնդրել 1917 թվականի «Բալֆուրի հռչակագրի» համար, որն ամրագրել է հրեա ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքը:

Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Աբբասին առաջարկել է ելույթ ունենալ իսրայելական խորհրդարանի ամբիոնից եւ հայտարարել բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին՝ սեղմ ժամկետներում հակամարտությունը կարգավորելու համար: