NEWS.am-ի բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գումարը, ինչպես նախատեսվում էր, բաժանվել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ կան։

Ակցիայի կազմակերպիչներն այցելել են Արցախում եւ Հայաստանում ապրող բոլոր ընտանիքներին եւ հանձնել գումարը. 1 եւ 2 երեխա ունեցող 14 ընտանիք ստացել է 100 հազարական դրամ, 3 երեխա ունեցող 5 ընտանիք՝ 150 հազարական դրամ, եւ 4 եւ ավելի երեխա ունեցող 3 ընտանիք՝ 250 հազարական դրամ: Հավաքված 3 մլն 122 հազար դրամից 2 մլն 900 հազարը բաժանվել է 22 ընտանիքների միջեւ, որտեղ կա 52 երեխա։ Մնացած 200 հազար դրամը ակցիայի կազմակերպիչները որոշել են տրամադրել քառօրյա պատերազմում վիրավորված 2 երեխաների ընտանիքներին:

Այցելությունների ընթացքում NEWS.am-ի աշխատակիցներն ականատես են եղել, որ զոհված զինծառայողների ընտանիքների մեծ մասն ապրում է ծանր սոցիալական պայմաններում եւ նրանց խնդիրներին անդրադարձել առանձին հրապարակումներով։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով NEWS.am-ը Երեխաների պաշտպանության տոնին ընդառաջ կազմակերպել էր իր պաղպաղակի բարեգործական վաճառք: Մեկ օրվա ակցիայի ընթացքում հավաքվել էր 2 մլն 450 հազար դրամ։ Այնուհետեւ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի աջակցությամբ բացված հաշվեհամարներին փոխանցվել էր 530 հազար դրամ եւ 300 ԱՄՆ դոլար: