News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի հետեւանքով այրիացած 29-ամյա Գալինա Բուդաղյանը միայնակ է մեծացնում երկու մանկահասակ երեխաներին։ Հեռավոր Ջրակնում (Ջեբրայիլ), կենցաղային տարրական պայմաններից զուրկ միջավայրում նախկինում ընտանիքը կարողանում էր ապրել ամուսնու՝ զինվորականի համեստ աշխատավարձով, իսկ ամուսնու սերն ու ջերմությունը երիտասարդ մայրիկին օգնում էին հաղթահարել դժվարությունները։

Վեց տարի առաջ Գալինան առանց երկմտելու համաձայնեց ամուսնու հետ տեղափոխվել Ջրակն բնակվելու՝ չնայած հասկանում էր, որ շատ դժվար է լինելու։

«Ամուսնացանք եւ տեղափոխվեցինք Ջեբրայիլ, այնքան լավ էր, շատ երջանիկ էինք։ Մաքսին ուշ–ուշ էի տեսնում, օրերով տուն չէր գալիս, բայց շատ հետաքրքիր օրեր ենք ապրել այդ տանը։ Ամեն օր կեսօրին զանգում, ասում էր՝ միշտ հիշի, որ ձեզ սիրում եմ»։

Հիմա, երբ նրա սիրելի Մաքսը չկա, Ջրակնի այդ տանն ապրելը կրկնակի ծանր է։ Կենցաղային ծանր պայմաններին ավելացել է ամուսնու հետ ապրած երջանիկ օրերի հիշողության ծանրությունը. ամուսնու մահվան լուրը ստանալուց անմիջապես հետո Գալինան լքել է այդ տունը, որտեղ ամեն ինչ հիշեցնում է ամուսնուն։

«Ապրիլի 2-ին այդ տնից դուրս ենք եկել, մինչեւ հիմա էլ ամեն ինչ մնացել է այնպես, ինչպիսին էր մինչեւ Մաքսի մահանալը... Ապրիլի 1-ի առավոտյան զանգեց՝ ասաց հաց կսարքես, որ գամ միասին հաց ուտենք, հետո ավելի ուշ զանգեց, սկսեց մեռնելուց խոսել, ասում էր՝ գիտե՞ս, ուզում եմ մեռնեմ, ո՞նց կուզես, որ մեռնեմ, ես էլ նեղացա, անջատեցի հեռախոսը։ Երբ երեկոյան տուն եկավ, հետը չնստեցի հաց ուտելու, նեղացել էի իրենից, գնաց պառկեց։ Գիշերը ջերմություն ուներ, վատ էր զգում, կես ժամից զանգեցին, կանչում էին դիրքեր, ասացին, որ դիվերսիա ա, արագ հանեց ջերմությունից թրջված շորերը, գնաց։ Մինչեւ հիմա Ջաբրայիլի տանը տեղաշորը բաց է, թրջված շորերը նույն տեղում․․․»։

Գալինան 4 եւ 1 տարեկան աղջիկների հետ ժամանակավորապես բնակվում է ծնողների մոտ, մշտական բնակվելու տեղ չունի։ Դիմել են իշխանություններին, որ իրենց տուն տրամադրեն, բայց դեռ արձագանք չկա։ Միակ բանը, որը կնոջն ուժ է տալիս ապրելու, երեխաների հետ կապված իր եւ Մաքսի նպատակներն իրականացնելու ցանկությունն է։

Մաքսիմն ու Գալինան Հադրութի գրախանութում էին ծանոթացել, որտեղ Գալինան վաճառողուհի էր աշխատում։

«Եկավ, թերթ գնեց ու 20 հազար դրամ տվեց, որ ստանամ, ես էլ ասացի՝ ավելի մանր փող չունե՞ս, գնաց դուրս, եկավ ՝ ասաց չկա։ Ավելի ուշ, երբ արդեն հանդիպում էինք, հարցրի՝ ինչի՞ խաբեցիր, ես տեսա, որ գրպանումդ կար գումար, ասաց՝ ուզում էի ֆռռաս, որ մի հատ էլ տեսնեմ դեմքդ, դուրս շատ էիր եկել...»։

Գալինան մտովի անընդհատ կռվում է ամուսնու հետ, նեղանում, որ իրեն ու դուստրերին մենակ թողեց։ Հետո իրեն սփոփող ու ամուսնուն «արդարացնող» փաստարկներ է գտնում. «Այն ժամանակ, երբ նա կռվում էր թուրքի դեմ, ես ու երեխաներս հանգիստ քնած էինք մեր տանը։ Եթե չկռվեր, ո՞վ գիտի, գուցե հակառակորդը Ջեբրայիլ հասներ...»։

Գալինան առավոտյան հարեւաններից է իմացել, որ պատերազմ է սկսվել, ամուսնուն է զանգել, բայց նա հեռախոսին այդպես էլ չի պատասխանել։ Օրեր անց ադրբեջանական կողմը հանձնել է ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի դին։ Ավելի ուշ զինվորները կնոջը պատմել են, որ Մաքսիմին սարի վրա ոտքից վիրավոր են տեսել, գոռացել է՝ կռվեք, չենք թողնելու, որ թուրքը հաղթի, հետո կրծքին է դիպել գնդակը ու տեղում մահացել է։ Այդ մարտում Մաքսիմի հետ զոհվել են նույն գնդի եւս 4 սպաներ՝ Ռոմիկ Պողոսյանը, Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Սուրեն Մելքումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ