ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սկսել է քննարկել սիրիական Հալեպում հրադադարի ռեժիմի ներդրման վերաբերյալ Ֆրանսիայի ներկայացրած բանաձեւի նախագիծը։ Ռուսաստանը, որը ԱԽ մշտական անդամ է ու վետոյի իրավունք ունի, կասկածներ ունի փաստաթղթի որոշ դրույթների վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատտրը լրագրողներին նախօրեին հայտնել է, որ փաստաթուղթը սկսել են քննարկել Խորհրդի բոլոր 15 անդամների փորձագետները։ Նա նշել է, որ այս պահին Անվտանգության խորհրդի բոլոր անդամները այդ բանակություններին մասնակցելու պատրաստակամություն են դրսեւորել։

«Մենք համարում էինք, որ պարտավոր ենք անել այն ամենն, ինչ մեր ուժերի սահմանում է, որպեսզի փորձենք միավորել Անվտանգության խորհուրդը մեր ջանքերի շուրջ ու վերջ տանք Հալեպում մարդկանց տանջանքներին»,- հայտնել է Դելատտրը։ Նա հավելել է, որ խոսքը հրադադարի ռեժիմը կատարելու, հումանիտար օգնություն հասցնելու ու նշված դրույթների պահպանմանը հետեւելու անհրաժեշտության մասին է։

Ընդ որում ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար ԺԱն-Մարկ Էյրոն, հայտարարելով բանաձեւի մշակման նախաձեռնության մասին, հայտնել էր, որ նրանք, ովքեր չեն քվեարկի բանաձեւի օգտին, մասնակից կլինեն Սիրիայում ռազմական հանցագործություններին։