Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 13-15–ին Երեւանում։ Պաշտոնական տեղեկություններով՝ ցուցահանդեսին կմասնակցեն 9 երկրների 50 ընկերություններ։
Հայաստանի բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկտեղ ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանի, Ղազախստանի, Լեհաստանի, Իտալիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի եւ ԱՄՆ–ի ներկայացուցիչները։
Հիմնական թեմատիկ բաժիններ են զրահատեխնիկական եւ հրթիռահրետանային սպառազինություններն եւ զրահատեխնիկան, ռազմական ավիացիան, հրաձգային զենքերը եւ սպառազինությունները, անօդաչու սարքերը եւ համալիրները, կապի միջոցները, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգերը, լազերային, տեղեկատվական եւ հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաները, բժշկական ապահովումը։
Իրենց մշակումները կներկայացնեն 24 ռուսական ընկերություն, որոնցից 16-ը կցուցադրեն ռազմական նշանակության արտադրանք։
Ռուսական ցուցանմուշները կներկայացնեն ուղղաթիռային տեխնիկա, Մի–171Շ ռազմատրանսպորտային ուղղաթիռ, զրահատանկային տեխնիկա, արդիականացված Տ–90 Ս տանկ, «ՀՄՄ 3Ֆ» հետեւակի մարտական մեքենան, «ԲՏՐ 80 Ա» զրահափոխադրիչ, «Կորնետ Է», «Կորնետ ԷՄ», «Մետիս Մ1» հակատանկային հրթիռային համալիրներ, «Քրիզանթեմ Ս» ինքնագնաց հակատանկային համալիր։ «Տոր Մ2ԿՄ» ԶՀՀ, «Պանցիր Ս1» զենիթային հրթիռագնդացրային համալիր եւ ՀՕՊ այլ միջոցներ։






























