DC Comics-ի հերոսուհի Հրաշք-կնոջը ՄԱԿ-ի պատվավոր դեսպան են նշանակել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը: Նա պետք է պայքարի կանանց եւ աղջիկների իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման համար:
Պաշտոնական արարողությունը կայանալու է հոկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում, կոմիքսի հերոսուհու 75-ամյակը նշելու ժամանակ: Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու DC Entertainment-ի նախագահ Դիանա Նելսոնը:
Որոշ տվյալներով՝ արարողությանը ներկա կլինեն նաեւ «անսպասելի» հյուրեր: Չի բացառվում, որ խոսքը տարբեր ժամանակներում Հրաշք-կնոջը մարմնավորած դերասանների մասին է:
«Գենդերային հավասարությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքն է, այլեւ կարեւոր հիմք խաղաղ, բարգավաճող եւ էկոլոգիապես կայուն աշխարհի համար»,- հայտարարել են ՄԱԿ-ում:




























