Ինքնակառավարվող մեքենաները ապագայում կփոխարինեն վարորդներին. դրանք ավելի ապահով են, չեն շեղվում, օրինակ, Թվիթեր ստուգելու համար կամ հարբած չեն երթեւեկում: Այս մասին ասել է Uber Advanced Technologies Center-ի (ATC) ծրագրավորման խմբի ղեկավար Ռոբբի Սեդջուիքը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում:
Անդրադառնալով ինքնակառավարվող մեքենաների անվտանգության հարցին, նա նշել է, որ մեքենաները դեռ այնքան էլ ինքնակառավարվող չեն, քանի որ առայժմ Uber-ի վարորդները մասնակցում են երթեւեկման պրոցեսին՝ անհրաժեշտության դեպքում մեքենայի կառավարումը իրենց ձեռքը վերցնելու համար:
«ATC–ն անդադար աշխատում է տեխնոլոգիան զարգացնելու եւ կատարելագործելու հանար: Շատ շուտով վարորդի ներկայության անհրաժեշտություն այլեւս չի լինի»,- հավելել է Ռոբբի Սեջուիքը:
Հայտնի է, որ սեպտեմբերի 14-ից ամերիկյան Պիթսբուրգ քաղաքում մեկնարկել է ինքանկառավարվող մեքենաների տեստավորման փուլը: Նախագիծը հեղափոխական է, սակայն նաեւ առաջացնում է շատ սկեպտիկների թերահավատությունը, մասնավորապես նման մեքենաների անվտանգության վերաբերյալ: Հայտնի է, որ Uber-ը պատասխանատվություն չի կրի իր ինքնակառավարվող մեքենաների վարորդների կամ ուղեւորների վնասվածքի կամ մահվան դեպքում: Ընկերության ինքնակառավարվող մեքենաների վարորդներն արդեն ստորագրել են փաստաթուղթ, որի համաձայն վնասվածքների կամ նույնիսկ մահվան դեպքում Uber-ը պատասխանատվություն չի կրելու դեպքի համար:
Այս փաստափուղթը կազմվել է Uber-ի Advanced Technologies Center (ATC) –ի կողմից, որը զբաղվում է ընկերության տեխնոլոգիական հետազոտություններով:




























