Միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի 2030-ին հայտարարված ջերմոցային գազերի արտանետման չափերը եւս 25 տոկոսով կրճատելու համար, որպեսզի կլիմայի տաքացումը այս հարյուրամյակում պահի 2 աստիճանի սահմաններում: Այս մասին ասված է ՄԱԿ՝ շրջակա միջավայրի ծրագրի զեկույցում, որը ներկայացվել է Լոնդոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զեկույցի համաձայն՝ չնայած ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակելու մասին փարիզյան համաձայնությանը՝ երկրի վրա ջերմաստիճանն այս հարյուրամյակում ամեն դեպքում 2.9 աստիճանից կհասնի 3.4 աստիճանի: Քանի որ արտանետումները 12-14 գիգատոննայով գերազանցում են ջերմաստիճանը 2 աստիճանի սահնմանում պահելու համար անհրաժեշտ մակարդակը:
Համեմատության համար՝ ջերմոցային գազերի մեկ գիգատոննան մոտավորապես հավասար է մեկ տարում ԵՄ ամբողջ տրանսպորտի, այդ թվում ավիացիոն փոխադրամիջոցների արտանետած ջերմոցային գազերին:
«Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, փարիզյան համաձայնագիրը կդանդաղեցնի կլիմայի փոփոխության տեմպերը, ճիշտ այնպես, ինչպես հիդրոֆտորածխածինների կրճատման Կիգալիի ճշգրտումները: Երկու միջոցն էլ ցույց են տալիս տաքացման դեմ պայքարելուն հավատարիմ լինելը, սակայն դա բավարար չէ, եթե մենք ուզում ենք կլիմայի լուրջ փոփոխություններից խուսափելու շանս ունենալ: Եթե մենք սկսենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, ապա կարող ենք խուսափել մարդկությանը սպառնացող ողբերգությունից»,- ասել է ՅՈՒՆԵՊ-ի ղեկավար էրիկ Սոլհեյմը:




























