Ավտոկոնցեռնը Բրազիլիա է ուղարկել փորձագետի հետաքննելու համար այն մեղադրանքները, ըստ որոնց  ընկերությունը թույլատրել է իր աշխատակիցների կալանքներն ու կտտանքները 1964-85 թթ․ ռազմական բռնապետության ժամանակ։ Ընկերությանը նաեւ մեղադրել են բռնապետական քաղաքական ռեժիմի հետ համագործակցելու մեջ, փոխանցում է BBC–ն։

Հետաքննությամբ զբաղվելու է պրոֆեսոր Քրիստոֆեր Կապպերը Բիլեֆորդի համալսարանից։ Անցած տարի գերմանական ավտոկոնցեռնի նախկին աշխատակիցների խումբը հայց է ներկայացրել Volkswagen -ի դեմ։ Որոշ աշխատակիցներ հայտնել են, որ Բրազիլիայում գործարանի տարածքում կալանքների ու կտտանքների են ենթարկվել։

2014-ին Բրազիլիայի ճշմարտության բացահայտման հարցերով ազգային հանձնաժողովը հրապարակել էր մի զեկույց, որում ներկայացրել էր նաեւ գերմանական ընկերության նախկին աշխատող Լուչիո Բելլենտանիի պատմությունը։ Նրա խոսքով հրազենով զինված երկու մարդ եկել էին ուղիղ նրա աշխատավայր, ու ձեռքին ձեռնաշղթա կապել։ Հետո նրան տարել են Volkswagen –ի անվտանգության կենտրոն ու այնտեղ կտտանքների ենթարկել։ Տուժածի փաստաբանի խոսքով ընկերության 12 նախկին աշխատակից կտտանքների էր ենթարկվել, մնացածին աշխատանքից հեռացրել էին ու սեւ ցուցակում ընդգրկել։

Volkswagen -ի տնօրենների խորհրդի անդամ Քրիսթին Հոֆման- Դենհարդտը խոստացել է, որ Կոպպերը մանրակրկիտ կուսումնասիրի այս հարցը ու կպարզի, թե ինչպես է ընկերությունը փոխգործակցել Բրազիլիայում բռնապետական ռեժիմի հետ։

Volkswagen -ը ստեղծվել է 1937 թ․ նացիստական կառավարության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկերությունը մեքենաներ էր արտադրում գերմանական բանակի համար ու դրա գործարաններում աշխատում էին համակենտրոնացման ճամբարների ավելի քան 15 հազար գերիներ։ Պատերազմից հետո համապատասխան հետաքննության արդյունքներով Volkswagen –ը ստեղծել է հատուկ հիմնադրամ ՝ նախկին աշխատողներին փոխհատուցում վճարելու համար։