ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի օրինական ուժի մեջ մտնելու մասին: Նա բոլոր երկրներին եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է արել հասնել համաձայնագրի դրույթների իրականացմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազմանն ուղղված շտապ միջոցներ ձեռնարկել, նաեւ աջակցել աղքատ երկրներին կլիմայի անխուսափելի փոփոխության հետեւանքներին հարմարվելու գործում:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը այս համաձայնագիրը դեռեւս չվավերացրած երկրներին կոչ է արել ամենամոտ ժամանակներս միանալ համաձայնագրի անդամներին: Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 17-ին Մարաքեշում (Մարոկկո) կմեկնարկի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների հարցով Շրջանակային համաձայնագրի անդամ երկրների 22-րդ կոնֆերանսը:

Կլիմայի մասին Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 21-րդ կոնֆերանսում: Այն կոչված է ճանապարհ հարթելուն դեպի ցածր ածխաջրածնային եւ էկոլոգապես կայուն ապագա: Այն խոստում է պարունակում գլոբալ ջերմաստիճանը Ցելսիուսի 1,5 աստիճան մակարդակում պահելու մասին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել առնվազն 55 երկրների կողմից վավերացվելուց հետո 30-րդ օրը, որոնց ընդհանուր առմամբ բաժին է ընկնում աշխարհում ջերմոցային գազերի արտանետման նվազագույնը 55 տոկոսը: