Հնդկաստանը կարեւորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուն:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջեւ փոխըմբռնման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծեց, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։

Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի եւ մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության կապակցությամբ: Ընդգծվեց միջխորհրդարանական շփումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարեւորությունը:

Նախարարները քննարկեցին քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երեւան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները եւ դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձեւավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:

Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում: