Երեւանի Հերացի փողոցում այսօր՝ նոյեմբերի 12-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում CPS բենզալցակայանում հրդեհի հետեւանքով այրվածքներ է ստացել նաեւ բենզալցակայանի 16-ամյա աշխատակիցը:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377 LL 64 (վարորդ 56-ամյա Հ. Թ.) համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տոննա 600 լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները նշել են, որ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն այն կայանել է լիցքավորման համար եւ դեռեւս անհայտ պատճառներով, պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով հրդեհը տարածվել է բենզալցակայանի տարածքում:
Փրկարարները ժամանակին հասցրել են հանգցնել հրդեհը, որի շնորհիվ այն չի տարածվել մոտակա բնակելի շենքերում եւ խանութներում:
Այս պահին փողոցի երեւեւեկությունը փակ է, տեղում աշխատանքներ են իրականացնում փրկարարները, ոստիկանները եւ քրեագետները:
Հրդեհից տուժել է միայն «ԶԻԼ»-ի վարորդը՝ 56-ամյա Թ. Հ.-ն: Նա տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղից մեզ հայտնեցին, որ վարորդն ստացել է այրվածքներ, բայց նրա վիճակը ծանր չի եւ արդեն տեղափոխվել ճառագայթային կենտրոն:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին:











