ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի մի խումբ փորձագետներ Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունին կոչ են արել հրաժարվել կանխամտածված սպանության մեջ մեղադրվող Քեւին Քուփերի մահապատիժն իրագործելու մտադրությունից։ Իրավապաշտպանների կարծիքով այս գործով դատավարությունը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին ու արդար չի եղել, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Անցած շաբաթ քվեարկության ընթացքում Քալիֆորնիայի ընտրողները փոքր գերազանցությամբ կողմ են արտահայտվել մաահապատժի պահպանմանը։ Քուփերը կարող է դառնալ առաջին մահապատժի ենթարկածը՝ այդ նահանգում մահապատիժների կիրառումը վերականգնելուց հետո։
ՄԱԿ-ի իրավապաշտպանները հիշեցրել են այն մասին, որ 2009-ին միանգամից հինգ դաշնային դատարաններ անբավարար են համարել Քուփերի դեմ ապացույցները ու հայտնել են, որ նա կարող է անմեղ լինել։
Քեւին Քուփերը կալանավորվել է 1983-ի հուլիսին՝ Լոս Անջելեսի արվարձանում ամուսինների ու նրանց երեխաների սպանության մեջ մեղադրանքով։




























