ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դեւիդ Քայեն Թուրքիա իր առաջին պաշտոնական ուղեւորության ընթացքում կգնահատի այդ երկրում խոսքի ազատությանը վերաբերող իրավիճակը։ Իրավապաշտպանները բազմիցս քննադատել են Թուրքիայի կառավարության գործողությունները ռազմական հեղաշրջման հուլիսյան փորձից հետո։ Սակայն, Քայեի խոսքով,  խոսքի ազատության իրավունքների ոտնահարման դեպքեր Թուրքիայում մինչ այդ էլ են նկատվել։

Քայեն, որը Թուրքիա է այցելելու այդ երկրի կառավարության հրավերքով, կուսումնասիրի մամուլի անկախության, լրագրողների, ատիվիստների ու ԲՈՒՀ-երի դասախոսների անվտանգության հարցերը։ Նա կհանդիպի երկրի գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Նոյեմբերի 18-ին Քայեն մամուլի ասուլիս կտա Անկարայում ՝ ամփոփելով  իր այցի արդյունքները։ Վերջին անգամ ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով փորձագետը Թուրքիա էր այցելել 1996-ին։