Հայաստանի վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած երիտասարդների հետ։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են շուրջ 150 երիտասարդներ` հիմնականում գիտաշխատողներ, ասպիրանտներ եւ մագիստրոսներ։
Վարչապետը դասախոսություն է կարդացել նրանց համար «Քաղաքական գործիչների մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով։
Նա առանձնացրել է երեք հիմնական դրույթ, որոնք ժամանակակից քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն, եւ մասնավորապես, նշել. «Առաջինն այն է, որ արագ փոփոխվող աշխարհն անսպասելի եւ անկանխատեսելի խնդիրներ է բացահայտում, եւ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերին։ Քաղաքական գործիչների համար դա ենթադրում է առանձնահատուկ կարողություններ` խորը գիտելիքներ, սովորելու մշտական ձգտում եւ սեփական գաղափարախոսության ու արժեքային համակարգի ձեւավորում։ Երկրորդ կարեւոր խնդիրն այն է, թե ժամանակակից քաղաքական գործիչն ինչպես է որոշում կայացնում, քանի որ որոշման կայացման մեթոդաբանությունն ունի ֆունդամենտալ նշանակություն։ Քաղաքական գործիչն ունենում է թիմ, որով փորձում է իրականացնել իր գաղափարախոսությունը, եւ որոշումները պետք է այնպես կայացվեն, որ քաղաքական գործչի թիմն զգա, որ ինքը նույնպես մասնակից է այդ որոշման կայացմանը։ Երրորդ դրույթն այն է, որ ժամանակակից աշխարհում պետությունները դասական իմաստով իրենց բազմաթիվ գործառույթներից կամովին հրաժարվում են` գիտակցելով, որ այդ գործառույթները պետք է իրականացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ մասնագիտացված կառույցները։ Դա նշանակում է, որ քաղաքական գործիչների ոլորտը եւ գործառույթների դաշտը 21-րդ դարում փոխվում է»:
Տ. Սարգսյանը կարեւորել է երիտասարդության քաղաքական ակտիվ մասնակցությունը` որպես «ՀՀ կադրային բանկի» առողջացման միջոց, խոսել ազգային-պահպանողական գաղափարախոսության արդիականության եւ ժամանակակից քաղաքական գործընթացներում ՀՀԿ ունեցած դերի կարեւորության մասին։ Մասնավորապես, նա անդրադարձել է հիմնական գերակայություններին եւ արդի մարտահրավերներին, ընդգծել հայաստանյան ժամանակակից քաղաքական համակարգում, քաղաքական մտքի ձեւավորման ու իրագործման գործընթացներում եւ գիտելիքահենք հասարակության կայացման գործում երիտասարդության դերի կարեւորությունը։
Միջոցառման ավարտին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ անդամության հայտ ներկայացրած 100 երիտասարդներին։




























