ՄԱԿ հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է կանանց նատմամբ բռնության վերջին դեպքերը Երեւանում։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը խորապես դատապարտում է կանանց նկատմամբ բռնության վերջին դեպքերը Երեւանում, որոնց լայնորեն արձագանքել են ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը:
Մի դեպքում 37-ամյա կինը, 2016 թ. նոյեմբերի 25-ին մահացու վնասվածք է ստացել մտերիմ ընկերոջ կողմից Շենգավիթ վարչական շրջանում, մյուս դեպքում էլ, 2016 թ. նոյեմբերի 26-ին, կինը Տերյան փողոցում, օրը ցերեկով, բազում անցորդների մոտ, դաժանորեն ծեծի է ենթարկվել իր ամուսնու կողմից:
Դաժան ու հեգնական է, որ այս դեպքերը տեղի են ունեցել այն օրերին, երբ Միավորված ազգերի կազմակերպությունը՝ միջազգային գործընկերների, ազգային իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ համատեղ, նշում է Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա քարոզարշավը, որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը:
Ընտանեկան բռնությանը վերջ տալը, որը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է, եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն իրավապահ մարմինների, այլեւ մեր հասարակության յուրաքանչյուր քաղաքացու համար: Անտարբերությունը նույնքան անընդունելի է, որքան ինքը հանցագործությունը, եւ Միավորված ազգերի կազմակերպությունը որոշել է կատարել իր իսկ առաքելությունը, այն է՝ ապահովել, որ նման դեպքերը անպատիժ չմնան:
Այս դեպքերը եւս մեկ անգամ ապացուցում են Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման հրատապությունը: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին, ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Ազգային ժողովին որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել այս իրավական պաշտպանության մեխանիզմը, քանզի ցանկացած հետագա հապաղում կարող է ավելի շատ մարդկային կյանքեր խլել»:




























