Զինված մարդկանց խումբը առեւանգել է Սուդանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության երեք ծառայողների: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես»-ը:
Գործակալության տեղեկություններով՝ Նեպալի երկու քաղաքացիներ եւ մի սուդանցի առեւանգվել են կիրակի՝ Արեւմտյան Դարֆուրի մայրաքաղաք Էլ-Գենեյնայում:
Նահանգի կառավարության ներկայացուցիչ Աբդել Մուստաֆան հայտարարել է, որ ոստիկանությունը առեւանգիչներին փնտրում է:
Սուդանի մայրաքաղաք Խարտումում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչը գործակալության հարցմանը գրավոր պատասխանել է, որ ներկայումս հանդիպում է անցկացվում, որի ընթացքում քննարկվում է «անհապաղ գործողություններ պահանջող միջադեպը»:




























